Ռուսաստանը կարծես «ավելի հակված» է հրադադարին, սակայն հնարավոր գործարքի մանրամասները մեծ նշանակություն ունեն, և ոչ Ուկրաինան, ոչ էլ ԱՄՆ-ն չպետք է խաբվեն Մոսկվայի կողմից, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Կրեմլում ընդունել է Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին: Հանդիպումից հետո Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ, որին միացել են նաև եվրոպացի դաշնակիցները։
«Ուկրաինան անպայման կպաշտպանի իր անկախությունը։ Մեզ բոլորիս անհրաժեշտ է երկարատև և հուսալի խաղաղություն։ Ռուսաստանը պետք է դադարեցնի այն պատերազմը, որն ինքն է սկսել», -նշել է Ուկրաինայի նախագահը X-ի իր էջում։
Զելենսկին հավելել է, որ Ուկրաինայի և դաշնակից երկրների ազգային անվտանգության խորհրդականները շուտով պետք է հանդիպեն՝ «համատեղ դիրքորոշում» մշակելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օգոստոսի 6-ին Մոսկվայում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հանդիպումը «մեծ առաջընթաց է գրանցել»: Պուտինի օգնական Յուրի Ուշակովն էլ ասել է, որ «շատ օգտակար և կառուցողական» զրույց է տեղի ունեցել, քննարկվել է ուկրաինական հակամարտությունը և ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության հնարավոր զարգացման հեռանկարը, նաև ազդակներ են փոխանակել ուկրաինական խնդրի վերաբերյալ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հայտարարել է, շուտով կարող է հանդիպել Պուտինի հետ