Մատչելիության հղումներ

Վաշինգտոնյան հանդիպումների արդյունքում «նոր պարզ կդառնա՝ ինչ ունենք ֆիքսած». ՔՊ պատգամավոր


ԱՄՆ - Սպիտակ տունը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ - Սպիտակ տունը Վաշինգտոնում, արխիվ

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ըստ Հասմիկ Հակոբյանի, «պլան մաքսիմումն է»:

«Չկա ոչ մի խոսակցություն ինչ-որ փաստաթղթի ստորագրման մասին՝ սա եկեք ֆիքսենք անպայման». - բանակցությունների արդյունքները ցույց կտան՝ ինչ փաստաթուղթ կընդունվի Միացյալ Նահանգներում, «Ազատության» հետ զրուցում ասաց խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

«Հիմա տեղում արդեն, հանդիպումների ընթացքում, գիտեք, որ արդեն մեկնել է պատվիրակությունը, և առաջիկայում հանդիպումներ են լինելու, այդ հանդիպումների արդյունքում նոր պարզ կդառնա՝ մենք ինչ ունենք ֆիքսած. դա նախաստորագրում է, դա հուշագիր է, դա խաղաղության համաձայնագիր է, դա ավելին է՝ միայն բանակցությունների ընթացքում պարզ կլինի», - ասաց Հակոբյանը:

Կառավարությունից միայն այսօր հաստատեցին Նիկոլ Փաշինյանի վաշիգտոնյան այցը: Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Հայաստանի վարչապետը օգոստոսի 7-8-ը կգտնվի:

«Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը», - ասված է հաղորդագրությունում:

Հիմնական հանդիպումը, ըստ օտարերկրյա լրատվամիջոցների, ուրբաթ օրն է նախատեսված:

Մերձավորարևելյան հարցերով ամերիկացի վերլուծաբան Մայքլ Սքոթ Դորանն X-ում հրապարակել է հանդիպումների ժամանակացույցը։ Ըստ այդմ, նախագահ Թրամփը այս ուրբաթ՝ Վաշինգտոնի ժամանակով 2:30-ին, երբ Երեւանում երեկոյան 10:30 կլինի, նախ կհանդիպի Հայաստանի վարչապետի հետ, 50 րոպե անց՝ Ադրբեջանի նախագահի, ապա հայտարարությամբ հանդես կգա երկու երկրների ղեկավարների ներկայությամբ։

Հայկական կողմը պաշտոնապես միայն փոխանցել է ԱՄՆ նախագահի ու Հայաստանի վարչապետի երկկողմ ու Փաշինյան-Ալիև-Թրամփ՝ եռակողմ հանդիպման մասին տեղեկությունը, ոչ մի խոսք՝ արդյոք այդ հանդիպումների արդյունքներով նախատեսվում է փաստաթղթի ստորագրում կամ հայտարարություն:

Մինչդեռ միջազգային մամուլում արդեն երրորդ օրն է հետբանակցային մանրամասներ են հաղորդվում՝ դիվանագիտական աղբյուրներին հղումով:
Գրվեց «խաղաղության մտադրության մասին» հայտարարության, հայ - ադրբեջանական փոխընմբռնման հուշագրի մասին, հայաստանցի վերլուծաբանները ենթադրեցին, որ բացառված չէ նաև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը: Նաև եռակողմ՝ հայ-ադրբեջանա-ամերիկյան հայտարարության մասին: Այս տեղեկություններից ոչ մեկը իշխանությունը չի հաստատում, առավելագույն ակնկալիքը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, ասում են, բայց մեծ առաջընթաց ՔՊ-ում համարում են անգամ այդ թեմայով խոսակցության արձանագրումը:

«Օրակարգը, ինչ որ հայտնի է հաղորդագրությունից, դրանից ավել, բնականաբար, տեղեկացված չենք, և ենթադրելի է, ակնկալում ենք, որ կունենանք հստակ առաջխաղացում թե՛ խաղաղության համաձայնագրի հետ կապված, թե՛ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական համագործակցության հետ կապված», - ասաց Հասմիկ Հակոբյանը:

Ի՞նչը Հայաստանի իշխանությունը կհամարի առաջխաղացում, ակնկալիքը խաղաղության համաձայնագրի ստորագրո՞ւմն է:

«Դա պլան մաքսիմումն է, բնականաբար, մենք երկար տարիներ է արդեն բանակցում ենք, որպեսզի խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, գիտենք՝ բոլոր կետերը համաձայնեցված են, դա արդեն հայտարարված է, և մնում է միայն ստորագրվի այդ համաձայնագիրը: Արդյոք կունենանք էդ աստիճան առաջ քայլ՝ բնականաբար, սա մեր ցանկությունն է: Սակայն ունենալ ցանկացած՝ թեկուզ խոսակցություն, թեկուզ ֆիքսում այդ խոսակցության՝ սա ևս մեծ առաջընթաց է», - նշեց իշխանական պատգամավորը:

Հայաստանի կառավարության հաղորդագրությունում խոսք կա, որ Թրամփ-Փաշինյան-Ալիև բանակցությունները նաև տնտեսական համագործակցության առաջմղման շուրջ են լինելու: Ի՞նչ է սա նշանակում, արդյոք խոսքը Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհի բացման ու դրանում ամերիկյան ներգրավվածության մասին է, արդյոք կողմերը հնարավոր է հայտարարեն համաձայնության մասին, դեռ պարզ չէ:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG