Մատչելիության հղումներ

Middle East Eye. Սպասվում է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանն ու Ադրբեջանը փոխըմբռնման հուշագիր կստորագրեն

Լրացված

ԱՄԷ - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Աբու Դաբիում, 10-ը հուլիսի, 2025թ.
ԱՄԷ - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Աբու Դաբիում, 10-ը հուլիսի, 2025թ.

Մինչ պաշտոնական Բաքուն լռում է, իսկ Երևանը՝ բավարարվում միայն վարչապետի վաշինգտոնյան այցի մասին տեղեկությունը ո՛չ հերքել, ո՛չ հաստատելով, օտարերկրյա լրագրողները շարունակում են մանրամասներ հրապարակել Սպիտակ տանը օգոստոսի 8-ին սպասվող միջոցառումից:

Նախատեսվում է, որ ուրբաթ օրը Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր՝ պարտավորվելով ձգտել խաղաղության, մերձավորարևելյան զարգացումները լուսաբանող Middle East Eye կայքի թուրք մեկնաբան Ռագիփ Սոյլուին փոխանցել են հարցին ծանոթ տարածաշրջանային աղբյուրները:

Անկարայում աշխատող լրագրողի աղբյուրները հավելել են, որ երկու ղեկավարները կստորագրեն ոչ թե խաղաղության պայմանագրի նախագիծը, այլ՝ այսպես ասած «մտադրությունների մասին թուղթ», որն ԱՄՆ նախագահ Թրամփի համար կապահովի դիվանագիտական ձեռքբերում, ինչին ձգտում էր անցած ամսվանից:

Ադրբեջանական haqqin.az-ը, հղում անելով նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմին մոտ լրատվամիջոցներին, գրել է, թե Դոնալ Թրամփի հետ Սպիտակ տանը օգոստոսի 8-ին կայանալիք հանդիպմանը ենթադրաբար սպասվում է խաղաղության պայմանագրի ստորագրում, բայց և հավելել Middle East Eye-ի տեղեկությունը փոխմբռնման հուշագրի մասին:

Ըստ Middle East Eye-ի` Սպիտակ տանը նաև ստորագրման արարողություն կլինի:

Վաշինգտոնյան հանդիպման մասին առաջինը հաղորդած ադրբեջանական «Թուրան»-ի թղթակից Ալեքս Ռաուֆօղլուի տեղեկություններով՝ հայ-ամերիկա-ադրբեջանական գագաթնաժողովին ընդառաջ Թրամփը նախ կհանդիպի Հայաստանի վարչապետ Փաշինյանին, ապա՝ Ադրբեջանի նախագահ Ալիևին, դրանից հետո երեք ղեկավարները համատեղ հայտարարություն կանեն: Փաստորեն՝ աղբյուրներից մեկը հաղորդում է եռակողմ, մյուսը՝ երկկողմ՝ հայ - ադրբեջանական հայտարարության մասին:

Մինչ հայաստանյան իշխանական շրջանակները ձեռնպահ են մնում հայտարարություններից, փորձագետները չբացառեցին, որ Վաշինգտոնում հնարավոր է խաղաղության պայմանագրի նախաստորագրում լինի, ինչը, Երևանն ու Բաքուն հաստատել են, քննարկվող տարբերակ է:

Ադրբեջանը չի հրաժարվում դեռ մարտի կեսից համաձայնեցված խաղաղության պայմանագրի ստորագրման համար նախապայմաններից, դրանք երկուսն են՝ Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանելը և Ղարաբաղյան կարգավորման համար ստեղծված Մինսկի խմբի լուծարումը:

Բայց վաշինգտոնյան հանդիպման մասին հայտնած երկու օտարերկրյա աղբյուրները այս պահին խաղաղության ձգտումների մասին հայտարարությունից կամ հուշագրից են խոսում, ոչ խաղաղության պայմանագրի նախաստորագրումից:

Կարծիք է հնչում, որ Վաշնգտոնում շաբաթավերջին հնարավոր հայտարարության ընդունումը առավելապես խորհրդանշական քայլ է, որը ընտրություններից առաջ քարոզչական նպատակներով թե՛ Փաշինյանին է պետք, թե՛ Ալիևին, որովհետեւ չպարտավորեցնող է, բայց առավելապես՝ խաղաղության ձգտումների մասին հայտարարող Թրամփին՝ իբրև գործնական քայլ:

«ԱՄՆ-ը գործընթացում կա, և դա ծանրակշիռ հանգամանք է»

Քաղաքական մեկնաբան Բորիս Նավասարդյանը չափավոր լավատես է: «Ամեն դեպքում, հուշագիրը, քանի որ լինելու է, ըստ երևույթին էլի՝ նաև մենք պետք է այդ վերապահումը անենք, եռակողմ, դա նշանակում է, որ ԱՄՆ-ը գործընթացում կա: Իսկ հաշվի առնելով՝ ինչպիսի վճռական քաղաքականություն է իրականացնում այսօր Սպիտակ տունը և Վաշինգտոնը, դա ծանրակշիռ հանգամանք է, որը կողմերին դրդում է դեպի ավելի կառուցողական մասնակցություն երկխոսությունում և հուշում է, որ այդ երկխոսությունը չպետք է անվերջ լինի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նավասարդյանը:

Ի տարբերություն այս պահին լռելու քաղաքականություն որդեգրած իշխանության, ընդդիմությունը, չնայած պաշտոնական տեղեկատվության բացակայությանը, բարձրաձայնում է անհանգստությունները: Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը այսօր մտավախություններն էր թվարկում՝ հիշեցնելով՝ նույն Թրամփի վարչակազմի միջնորդությամբ 44-օրյա պատերազմի օրերին ձեռք բերված հրադադարի համաձայնությունը չպահպանվեց:

«Middle East եսիմինչից եք իմանում, որ Նիկոլը կարող ա գնա Վաշինգտոն, իսկ մինչև էդ ուրիշ տեղից՝ Կարնեգիից էիք իմանում, թե էս ա: Քոռ-քոռ կարա ճիշտ բաներ ասել մենք Վանգան, իսկ մենք քոռ-քոռ ենք, որովհետև Նիկոլը փակել ա բոլորիս աչքերը և չի տալիս ճշգրիտ տեղեկություն», - հայտարարեց Աշոտյանը:

Առանցքային տարաձայնություններից է կապուղիների հարցը

Մի քանի ուղղությամբ ընթացող հայ - ադրբեջանական կարգավորման առանցքային տարաձայնություններից է կապուղիների հարցը:

Ու հիմա հայտնի է, որ կա Ադրբեջանը Նախիջևանին Սյունիքով կապուղու բացմանն առնչվող ամերիկյան առաջարկ, որի մանրամասները հրապարակված չեն: Բայց պաշտոնապես հաստատվել է, որ դրա շուրջ կան ակտիվ քննարկումներ: Արդյոք Վաշինգտոնում այս հարցում որևէ համաձայնության մասին կհայտարարվի՞, սա էլ է անհայտ:

Բաքուն առանց ստուգումների և անխոչընդոտ ճանապարհ է պահանջում, այն կոչում «Զանգեզուրի միջանցք»՝ մի տերմին, որ Երևանը մերժում է՝ փոխարենը ապաշրջափակման իր տարբերակը կոչում «Խաղաղության խաչմերուկ»՝ ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակներում առաջարկելով պարզեցված անցում: Իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը չէր թաքցրել՝ քննարկում են ընկերության ստեղծում, ենթադրաբար՝ ամերիկյան կողմի հետ, որը ներդումներ կներգրավի Սյունիքի ճանապարհին ենթակառուցվածքների ստեղծման համար:

Վերջին շաբաթներին Իրանն է պարբերաբար անդրադառնում Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհին:

Իրանի հոգևոր առաջանորդի միջազգային հարցերով գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթին երեկ անհանգստություն է հայտնել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման ծրագրի շուրջ: Ինչպես «Թասնիմ» գործակալությունն է հաղորդում, նա տարածաշրջանային և արտատարածաշրջանային կառավարություններին զգուշացրել է՝ «Հարավային Կովկասում ցանկացած անօրինական նպատակ» կբախվի Իրանի վճռական արձագանքին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG