Միացյալ Նահանգները և Ռուսաստանը երեկ՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ՌԴ նախագահի հանդիպմանը, սկզբունքորեն համաձայնել են Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա օրերին հանդիպում անցկացնելու շուրջ, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնականը:
Յուրի Ուշակովն ասել է, որ կողմերն արդեն նախապատրաստում են հանդիպումը, վայրը նույնպես համաձայնեցված է, սակայն դրա մասին կհայտնեն ավելի ուշ: Անդրադառնալով հանդիպմանը Ուկրաինայի նախագահի մասնակցության հնարավորությանը, ինչի մասին երեկ խոսել էր ԱՄՆ նախագահը, Ուշակովն ասել է, որ դա չի քննարկվել:
«Ինչ վերաբերում է եռակողմ հանդիպմանը, ինչի մասին երեկ չգիտես
ինչու խոսեցին Վաշինգտոնում, այդ տարբերակը ամերիկացի ներկայացուցիչը պարզապես հիշատակել է ... սակայն այն կոնկրետ չի քննարկվել: Ռուսական կողմն այն թողել է առանց որևէ մեկնաբանության», - հայտարարել է Պուտինի օգնականը:
Ուշակովը նաև հայտնել է, որ հանդիպման հնարավոր ժամկետ է նախանշված հաջորդ շաբաթը, սակայն ընդգծել է, որ չի կարող ասել, թե որքան կտևեն նախապատրաստական աշխատանքները: CNN-ը նշում է, որ նման կարճ ժամկետում նման հանդիպում կազմակերպելը թերևս շատ դժվար կլինի:
Մինչ այդ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ երեկ Մոսկվայում իր հատուկ բանագնացի և Ռուսաստանի նախագահի հանդիպմանը «մեծ առաջընթաց է գրանցվել», և շատ հավանական է, որ շուտով հանդիպում լինի իր և Վլադիմիր Պուտինի, ապա նաև եռակողմ հանդիպում՝ Ուկրաինայի նախագահի մասնակցությամբ:
Լրագրողները հետաքրքրվել էին, թե արդյոք Պուտինը որևէ բան է առաջարկել հանդիպման դիմաց: Թրամփը հստակ չի պատասխանել, միայն ասել է, որ շատ արդյունավետ բանակցություններ են եղել։ Ապա հարց է հնչել՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները համաձայնե՞լ են հանդիպել, ինչին պատասխանել է. - «Շատ մեծ հավանականություն կա, որ նրանք կհամաձայնեն: Դեռ չենք որոշել հանդիպման վայրը։ Բայց այսօր շատ լավ բանակցություններ են եղել նախագահ Պուտինի հետ։ Եվ շատ հավանական է, որ ... շուտով հանդիպում տեղի ունենա»:
ԱՄՆ պետքարտուղարն, իր հերթին, Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտի հիմնական տարրերը կլինեն տարածքային հարցերը: Խոսելով հաջորդ շաբաթ Պուտին-Թրամփ հանդիպման հնարավորության մասին՝ Մարկո Ռուբիոն ասել է, որ դեռ զգալի աշխատանք է պետք անել հանդիպումից առաջ, որպեսզի այն արդյունավետ լինի:
«Այսօր լավ օր էր, բայց մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու։ Դեռ շատ խոչընդոտներ կան հաղթահարելու, և հուսով ենք դա անել առաջիկա օրերին, ժամերին, գուցե շաբաթներին», - ասել է պետքարտուղարը:
Մոսկվա Սթիվ Ուիթքոֆի այցից հետո երեկ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահի հետ, մասնակցել են նաև եվրոպական մի քանի երկրների առաջնորդներ: Վլադիմիր Զելենսկին ավելի ուշ ասել է, որ Ռուսաստանը կարծես հակված է հրադադար հաստատելուն:
«Մենք քննարկեցինք այն, ինչի մասին խոսվել է Մոսկվայում։ Ռուսաստանն այժմ կարծես ավելի հակված է կրակը դադարեցնելուն։ Նրանց վրա ճնշումն աշխատում է։ Բայց գլխավորն այն է, որ նրանք դետալների մեջ չխաբեն մեզ կամ ԱՄՆ-ին», - հայտարարել է Զելենսկին:
Մոսկվա Ուիթքոֆի այցից անմիջապես հետո երեկ Թրամփը 25 տոկոս հավելյալ մաքսատուրք սահմանեց Հնդկաստանի համար՝ ռուսական նավթը գնելու համար: Reuters-ը, Սպիտակ տան ներկայացուցչին հղումով, հայտնում է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ ևս կկիրառի խոստացված երկրորդային պատժամիջոցները և այդ մասին կհայտարարի ուրբաթ օրը:
Չնայած դիվանագիտական ճակատում այս զարգացումներին՝ իրադրությունը ռազմաճակատում շարունակում է լարված մնալ: Ռուսական զինուժը հարվածել է Նիկոպոլին, զոհվել է երեք մարդ, ևս մեկ մարդ տուժել է Սումիում: Հարվածել են նաև Դնեպրոպետրովսկին:
Ուկրաինական զինուժն, իր հերթին, հարվածել է Ռոստովի, Բելգորոդի մարզերին, Կրասնոդարում հարվածել են նավթավերամշակման գործարանի: Վոլգոգրադում անօդաչուի հարվածից երկաթուղային կայարաններից մեկում հրդեհ է բռնկվել: