Մատչելիության հղումներ

Զորակոչվելու հենց հաջորդ օրը հոսպիտալում հայտնված Ավետիք Մաթևոսյանի վիճակը, մոր պնդմամբ, օրեցօր վատանում է


Զորակոչվելու հենց հաջորդ օրը հոսպիտալում հայտնված 18-ամյա Ավետիք Մաթևոսյանի վիճակը, մոր՝ Սոնայի պնդմամբ, օրեցօր վատթարանում է։ Արդեն 40 օր է՝ տղան հիվանդանոցից հիվանդանոց է տեղափոխվում, վերջին 15 օրը՝ Երևանի կայազորային հոսպիտալում է, որտեղ ընտանիքի պնդմամբ, Ավետիքը պարզապես մարում է։

«Մենակ քնցնում են երեխային։ Էս բուժո՞ւմէ։ Դողը չի անցնում։ Երեխաներն են օգնում, որ իջնի հաց ուտի։ Ոչ մի տեղից ոչ մի օգնություն չեմ լսել», - ասաց մայրը:

Ավետիքի մասին մեկ շաբաթ առաջ էինք բարձրաձայնել։ Ընտանիքը պնդում էր, որ երիտասարդ տղան մինչև զորակոչվելն արդեն հիվանդ էր։ Բժշկական կենսագրությունը ձեռքներին դռնեդուռ են ընկել այդ ժամանակ, բայց անօգուտ: Հիմա սարսափով են հետևում տղայի վիճակին, վախենում են, որ արդեն իսկ եղած հիվանդություններին կգումարվի նորը:

«Տատի ջան, ասում ա, ես ձեներ եմ լսում: Գնացել բժշկին ասել ա, ինձ ձեն եք տվե՞լ, ասում ա՝ չէ», - պատմեց տատը:

«Ավետիք Մաթևոսյանն ունի սրտանոթային խնդիրներ, մասնավորապես, ի ծնե արատ՝ սրտի օվալաձև անցք, նյարդաբանական խնդիրներով պայմանավորված ունենում է գիտակցության կորուստներ, կծկումներ»,- այս ամենը գրված էր տարբեր բժշկական հաստատություններից ստացված փաստաթղթերում, որոնք, ընտանիքի պնդմամբ, զինկոմիսարիատն անտեսել է, ավելին՝ պնդում են՝ զինակոչի ընթացքում Ավետիքի առողջական վիճակի պատշաճ հետազոտում չի իրականացվել։

Ինչպե՞ս առողջական խնդիրներով տղան հայտնվեց բանակում։ Հարցին Պաշտպանության նախարարությունից հակադարձում են, թե սահմանված կարգով բժշկական փորձաքննություն են ենթարկել Ավետիքին ու պիտանի ճանաչել զինծառայության համար։

«Ստում են, պաշտպանության նախարարին են ստում։ Վայենկոմն ընդհանրապես ստուգում չի կատարել։ Որ ստուգում կատարեր, ինքը հիմա ստեղ կգտնվե՞ր։ Սենց վատ վիճակում կգտնվե՞ր։ Եթե ստուգած լինեին մի թուղթ կտային չէ՞, մի թուղթ չեն տվել», - ասաց մայրը:

Ռազմական գերատեսչությունից ընդունում են, որ հունիսի 29-ից տղայի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է, բարձր զարկերակային ճնշում ու ուշագնացություն է ունեցել։ Սակայն ընդգծում են, թե զորակոչվելուց հետո է միայն Ավետիքի տատիկը Երևանի թիվ 2 զինվորական կոմիսարիատ ներկայացրել Նորք Մարաշ բժշկական կենտրոնի էպիկրիզը, ըստ որի՝ արձանագրվել են սրտի հետ կապված խնդիրներ։ Հուլիսի 21-ին արդեն Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում կատարված տրանսթորակալ էխոսրտագրություն պղպջակային թեստն էլ, ըստ նախարարության, բացասական է եղել. ձախ նախասրտում ու փորոքի խոռոչում պղպջակներ չեն դիտարկվել։ Ավելացնում են՝ հոգեբույժի կոնսուլտացիայի հիման վրա զինծառայողը հիմա ստանում է դեղորայքային բուժում։ Ընտանիքի մտահոգությոններն էլ հենց այստեղ են ահագնանանում։

Հոսպիտալի դիմացի մայթի նստարանին ամբողջ ընտանիքով մոլորված նստած չգիտեն՝ ինչ անեն, որ մի քանի մետր այն կողմ փակ դռների ետևում գտնվող որդուն օգնեն։

«Հետո էլ ասում են՝ զինվոր ունեցեք, թող ծառայի հայրենիքի համար: Ուղարկել եմ, ...թող նորմալ ստուգեին գոնե», - նշեց մայրը:

Պաշտպանության նախարարության «Ազատության» ուղարկած գրության մեջ չեն բացառում, որ վերջնական փորձաքննություն կկատարեն: «Հետազոտությունների արդյունքներով պայմանավորված, հնարավոր է քննարկել նաև առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրման և հիվանդության՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապի հարցեր», - հաղորդում է ռազմական գերատեսչությունը՝ առանց ամսաթիվ նշելու։

Այսօր չորեքշաբթի է, միակ օրը, որ թույլ են տալիս ծնողներին մի 20 րոպեով տեսնել որդուն, սիրած ուտելիքները՝ սուջուխ, վիտչինա, տնական կոմպոտ են բերել: Այս չորքշաբթին հուսադրող էր. Մի թարմ նկար որդուց ու բարի լուր՝ Ավետիքի մայրը՝ Սոնան քիչ առաջ բժշկից տեղեկացել է, որ ամենայն հավանականությամբ հաջորդ շաբաթ որդուն վերջնական փորձաննության կենթարկեն։






Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG